Թբիլիսիում ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել բռնաբարության մեղադրանքով
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Հին Թբիլիսիի գլխավոր բաժնի աշխատակիցները բռնաբարության մեղադրանքով ձերբակալել են 1999 թվականին ծնված Դ.Խ.-ին, ով նախկինում դատվածություն է ունեցել և ներկայումս կրում է պայմանական ազատազրկում: Տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ-ն։
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը Թբիլիսիում ֆիզիկական բռնություն է գործադրել և սեռական հարաբերություն է ունեցել 1997 թվականին ծնված օտարերկրյա քաղաքացի Ա.Բ.-ի հետ, որից հետո փախել է դեպքի վայրից։
Ա.Բ.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն։
Կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները Դ.Խ.-ին ձերբակալել են որպես կասկածյալ։
Դեպքը քննվում է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով: Հանցագործությունը պատժվում է մինչև 8 տարի ազատազրկմամբ», – ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։