Թբիլիսիում մի քանի աշխարհագրական օբյեկտներ ստացել են նոր անվանումներ
Այսօր Թբիլիսիի քաղաքային խորհրդի նիստում մայրաքաղաքի մի քանի աշխարհագրական օբյեկտների նոր անուններ են տրվել։
Խորհրդի անդամների որոշմամբ՝ Չուղուրեթիի շրջանում գտնվող կամուրջն անվանակոչվել է վրացի դասական գրող Գուրամ Դոչանաշվիլիի, իսկ Ճորոխի փողոցը՝ վրացի երաժիշտ, բանահյուս Անզոր Էրքոմաիշվիլիի անունով։
Դիդուբեի թաղամասի Գրիգոլ Ռոբաքիձեի պողոտայի մոտ գտնվող անանուն փողոցն ու պուրակն անվանակոչվել են երգիչ և երաժիշտ Ջեմալ Ճկուասելիի անունով։
Չուղուրեթի թաղամասում գտնվող Կանկավա փողոցն անվանակոչվել է կոմպոզիտոր, Վրաստանի վաստակավոր արտիստ և Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Գոմար Սիխարուլիձեի անունով, իսկ Գաբրիել Սունդուկյան փողոցի նրբանցքը՝ բանահավաք Կուկուրի Ճոխոնելիձեի անունով։
Մթածմինդայի թաղամասում Թբիլիսիի փողոցի հատվածը, մեկ նրբանցքը անվանակոչվել են ռեժիսոր, նկարիչ Ռևազ Գաբրիաձեի անունով։
Իսանիի թաղամասում Կոնստանտինե Ցուցքիրիձեի փողոցի և Իորիի հատվածն անվանակոչվել է ճարտարապետ Գիգա Բաթիաշվիլիի անունով, իսկ նույն թաղամասի Նավթլուղի փողոցի մոտ գտնվող անանուն հրապարակը՝ Հունաստանի անունով։
Գլդանի շրջանի Մուխիանի Իոսեբ Նոնեշվիլի փողոցի մոտ գտնվող անանուն փողոցն անվանակոչվել է երգիչ Զուրաբ Բակուրաձեի անունով։ Թբիլիսիի թիվ 220 հանրային դպրոցն այսօրվանից կրում է Զուրաբ Ձամունաշվիլիի անունը։