Մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված 45 էլեկտրական լիցքավորիչներին կավելացվի ևս 23 լիցքավորիչ,- այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Ինչպես նշել է քաղաքապետը, Թբիլիսիի քաղաքապետարանը ծրագրի իրականացումը սկսել է բիզնեսի հետ համագործակցության այնպիսի մոդելով, որ քաղաքապետարանը ծրագրի համար միջոցներ չի ծախսել։ Նրա խոսքով, արդեն որոշ ժամանակ է՝ Թբիլիսիում լիցքավորիչների խնդիրն ամբողջությամբ լուծված է։
«Հասարակական տրանսպորտի բարեփոխման շրջանակներում փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեին հանձնարարվել է էլեկտրալիցքավորիչներ տեղադրել ամբողջ քաղաքում։ Այս ամենն արվում է Վրաստանում և, իհարկե, Թբիլիսիում էլեկտրական մեքենաների ներմուծումը խրախուսելու համար։ Վերջին տարիներին տնտեսվարողների հետ համագործակցելով քաղաքի տարբեր վայրերում տեղադրել ենք 45 էլեկտրական լիցքավորիչ, որպեսզի քաղաքապետարանից գումար չվատնվի։ Այսօր բոլոր 45 կետերում տեղակայված էլեկտրական լիցքավորիչները նորմալ աշխատում են, և որ ամենակարևորն է՝ վճարը զրոյական է։ Այս ամենն արվում է այս ուղղությունը խրախուսելու համար։ Մենք նաև աշխատում ենք այլ վայրերում լիցքավորիչների տեղադրման ուղղությամբ: Մենք ունենք 23 լրացուցիչ վայրեր, որտեղ կտեղադրենք էլեկտրական լիցքավորիչներ, և էլ ավելի մեծ հնարավորություններ կլինեն էլեկտրական մեքենաները լիցքավորելու ամբողջ քաղաքում, ինչը շատ կարևոր է», – ասել է Կախա Կալաձեն:
Մայրաքաղաքի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեին և նախագծում ներգրավված բոլոր աշխատակիցներին։