Թբիլիսիում ընթանում է «Փառք Ուկրաինային» միջազգային համաժողովը
Թբիլիսիում ընթանում է «Փառք Ուկրաինային» միջազգային համաժողովը

Թբիլիսիում անցկացվում է «Փառք Ուկրաինային» 6-րդ միջազգային համաժողովը, որը բացվել է Ուկրաինայի և Վրաստանի օրհներգերով։

Համաժողովը հյուրընկալում են Մակքեյնի միջազգային առաջնորդության ինստիտուտը, Ջորջ Բուշի ինստիտուտը և Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնը:

Համաժողովին մասնակցում են տարածաշրջանային անվտանգության փորձագետներ, վրացի քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, բիզնեսի ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակն է պահպանել Վրաստանի առաջնահերթ տեղը համաշխարհային և անդրատլանտյան օրակարգում, նպաստել ժողովրդավարական առաջընթացին և եվրոատլանտյան ձգտումներին։

Ըստ կազմակերպիչների՝ համաժողովի քննարկվելիք հարցերն են՝ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և Արևմուտքի արձագանքը. Ռազմական ագրեսիայի աշխարհաքաղաքական հետևանքները. Անկարգություններ տարածաշրջանում. Պատերազմի ազդեցությունը Եվրոպայի ապագայի վրա. Ուր է գնում Վրաստանը. Ռուսաստանի հետագա քայլերը:

Ինչպես համաժողովից առաջ ասաց Վրաստանում «Էն Դի Այ»-ի գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնթոնը, կարևոր է, որ համաժողովն անց է կացվում Վրաստանում։

Նրա խոսքով՝ Ուկրաինան բոլոր երկրները պետք է ընկալեն որպես ժողովրդավարության պաշտպանության համար անհրաժեշտ խիզախության մոդել։

«Շատ կարևոր է, որ այս համաժողովն անց է կացվում Վրաստանում։ Սա հիշեցում է ուկրաինացիների ցուցաբերած խիզախության մասին։ Ուկրաինացիներ, ովքեր այժմ պայքարում են սեփական ժողովրդավարության համար: Կարծում եմ՝ մենք բոլորս, այդ թվում՝ իմ երկիրը, պետք է խրախուսենք նրանց և նայենք Ուկրաինային որպես ժողովրդավարության պաշտպանության համար անհրաժեշտ խիզախության մոդել: Ուրախ եմ, որ այս համաժողովն անցկացվում է Վրաստանում, քանի որ սա մարտահրավեր է նաև Վրաստանում»,- ասել է Լորա Թորնթոնը։