Թբիլիսիի սակրեբուլոյի Անվանումների և խորհրդանիշների հանձնաժողովի նախաձեռնությամբ և Թբիլիսիի սակրեբուլոյի որոշմամբ Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում բացվել է Սերգո Փարաջանովի անունը կրող փողոց։ Փողոցի բացմանը ներկա էին Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամները, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, Սերգո Փարաջանովի ընկերներն ու հարազատները։
«Բացեցինք հայտնի կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի անունը կրող փողոցը։ Փողոցի անվանակոչման նախաձեռնությունը պատկանում է Թբիլիսիի սակրեբուլոյի Անվանումների և խորհրդանիշների հանձնաժողովին։ Անգնահատելի է Փարաջանովի ներդրումը մեր մշակույթի և կինոյի մեջ: Ուրախալի է, որ փողոցը, որտեղ ապրում էր Սերգո Փարաջանովը, անվանակոչվել է հայտնի ռեժիսորի անունով»,- ասել է Թբիլիսիի սակրեբուլոյի Անվանումների և խորհրդանիշների հանձնաժողովի նախագահ Նինո Վարդոսանիձեն։
Թբիլիսիի քաղաքային խորհրդի փոխնախագահ, Մթածմինդայի մեծամասնական պատգամավոր Զուրաբ Աբաշիձեի խոսքով, կարևոր է, որ յուրաքանչյուր թբիլիսցի, երիտասարդ և ապագա սերունդ միշտ հիշի հանճարեղ արվեստագետ Սերգո Փարաջանովին։
«Ուրախ եմ, որ Մթածմինդա թաղամասի փողոցներից մեկը, որտեղ ապրել է հայտնի կինոռեժիսոր Սերգո Փարաջանովը, անվանակոչվել է նրա անունով։ Յուրաքանչյուր թբիլիսցու, մեր երիտասարդության և հետագա սերնդի համար շատ կարևոր է միշտ հիշել մեր մայրաքաղաքում մեծացած այս հանճարեղ արվեստագետին և գնահատել նրա մեծ ներդրումը վրացական արվեստի զարգացման գործում։ Սերգո Փարաջանովն իր առանձնահատուկ ոճով, բազմազանությամբ ու ոչ ստանդարտ մոտեցումներով պատվավոր տեղ է հաստատել կինոաշխարհում։ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը և քաղաքապետարանն անում են հնարավոր ամեն բան՝ նրա անունը հավերժացնելու համար։ Այսօրվա միջոցառումը դրա վառ օրինակն է»,- ասել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի փոխնախագահ, Մթածմինդայի մեծամասնական պատգամավոր Զուրաբ Աբաշիձեն։
Փողոցի բացմանը սակրեբուլոյի անդամները, արվեստի ոլորտի ներկայացուցիչները և Սերգո Փարաջանովի ընկերները տեղադրեցին հասցեի ցուցանակներ։ Կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի անունով կոչվել է Կոտե Մեսխի նրբանցքը։ Սա այն վայրն է, որտեղ ապրել է հայտնի կինոռեժիսորը։ Սերգո Փարաջանովը 20-րդ դարի հայկական ծագում ունեցող վրացի կինոռեժիսոր էր։ Նա ծնվել և մեծացել է Թբիլիսիում։ Սերգո Փարաջանովի ստեղծագործությունները հիմնականում արտացոլում են Կովկասի էթնիկ բազմազանությունը։
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի սակրեբուլոյի մամուլի ծառայությունը։