Թբիլիսիում բացվել է դերասան Զուրաբ Քափիանիձեի անվան պուրակը

17:49, 04.07.2026

Թբիլիսիի ավագանու անվանակոչության և խորհրդանիշների հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր բացվել է հայտնի վրացի դերասան Զուրաբ Քափիանիձեի անվան պուրակը։ Պուրակի բացումը խորհրդանշական կերպով տեղի է ունեցել դերասանի հիշատակի օրը։ Մայրաքաղաքում արդեն գոյություն ուներ դերասանի անունը կրող փողոց։

Միջոցառմանը ելույթ է ունեցել Թբիլիսիի ավագանու անվանակոչության և խորհրդանիշների հանձնաժողովի նախագահ Լևան Աբաշիձեն։

«Թբիլիսիի ավագանու նախաձեռնությամբ այսօր մենք բացեցինք հայտնի վրացի դերասան Զուրաբ Քափիանիձեի անվան պուրակը այն թաղամասում, որտեղ ապրում էր դերասանը և որը նա շատ էր սիրում։ Զուրաբ Քափիանիձեն ոչ միայն ականավոր դերասան էր, այլև ականավոր մարդ։ Նա վրացական կինոյում բազմաթիվ հիշարժան կերպարներ է կերտել։ Խորհրդանշական է, որ Զուրաբ Քափիանիձեի պուրակը բացվեց հենց նրա մահվան օրը»,- հայտարարել է Լևան Աբաշիձեն։

Ներկաներին դիմել են նաև Զուրաբ Քափիանիձեի ընտանիքի անդամները, Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկին, պատգամավոր Իրմա Զավրադաշվիլին, Թբիլիսիի Դիդուբե թաղամասի մեծամասնական պատգամավոր Շոթա Քևխիշվիլին, բանաստեղծներ և դերասաններ։ Պուրակի բացման արարողությանը ներկա են եղել Թբիլիսիի սակրեբուլոյի անդամներ, Դիդուբե թաղամասի վարչության ղեկավարը և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։

Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի ավագանու խորհրդի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ