Թբիլիսիում բացվել է բեմանկարչության երրորդ միջազգային բիենալեն: Բիենալեին մասնակցում են պրոֆեսիոնալներ և ուսանողներ՝ Վրաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Կանադայից, Սերբիայից, Լեհաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Իտալիայից, Ռուսաստանից և Հունգարիայից:
Բիենալեն իր մեջ ներառում է երեք հիմնական բաժին ՝ միջազգային ցուցահանդես, Masters’Lab (լաբորատորիա վարպետների հետ) և միջազգային բեմանկարչության սիմպոզիում:
Միջազգային ցուցահանդեսը Թբիլիսիի պատմության թանգարանում բաժանված է երկու՝ մասնագիտական և ուսանողական բաժնի:
Վրաստանը ներկայացված է 2019 թվականին Պրահայի միջազգային «Quadrennial PQ19»-ին ներկայացրած ազգային տաղավարի կազմում (վրացի ռեժիսորների` Դավիթ Դոիաշվիլիի, Դաթա Թավաձեի, Նիկոլոզ Սաբաշվիլիի, Գուրամ Մացխոնաշվիլիի բեմանկարչական աշխատանքներով):
Բիենալեի կրթական ծրագրի «Masters’ Lab»-ի շրջանակներում միջազգային փորձագետները անց են կացնելու առցանց դասախոսություններ և վարպետության դասեր՝ թատրոնի և կինոյի բեմանկարչության, կուրատորական գործի, ձայնի ձևավորման, տեսաֆիլմերի և մուլտիմեդիա արվեստի ոլորտներում: Վալերիան Գունիայի թատերական արվեստի երիտասարդական միության՝ Վրաստանի OISTAT ազգային կենտրոնի կազմակերպմամբ, Թբիլիսիի բեմանկարչության երրորդ միջազգային բիենալեն կտևի մինչև հոկտեմբերի 28-ը: