«Թբիլիսին՝ եվրոպական քաղաք» կարգախոսով դեկտեմբերի 15-ին մայրաքաղաքում կվառվի երկրի գլխավոր տոնածառը, իսկ դեկտեմբերի 16-ից կբացվի «Ամանորյա գյուղը»
«Թբիլիսին՝ եվրոպական քաղաք»- այս կարգախոսով մայրաքաղաքում դեկտեմբերի 15-ից կմեկնարկեն Ամանորի օրերը, իսկ նույն օրը՝ ժամը 20:00-ին Շոթա Ռուսթավելիի պողոտայում կվառվի երկրի գլխավոր տոնածառը։ Այս մասին Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստում։
Նա կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին ներկա գտնվել տոնածառի լույսերի վառման արարողությանը և նշել, որ հյուրերին սպասվում է հետաքրքիր ու բազմազան տեսարան։
«Թբիլիսին՝ եվրոպական քաղաք» – այս կարգախոսով դեկտեմբերի 15-ից մեր գեղեցիկ մայրաքաղաքում կմեկնարկեն ամանորյա օրերը: Ժամը 20:00-ին բոլորիդ սպասում ենք Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց։ Բոլորս հնարավորություն կունենանք վառելու երկրի գլխավոր տոնածառը և միասին երազանքներ մտածելու։ Եկեք ձեր երեխաների և թոռների հետ, ձեզ հաճելի երեկո է սպասվում»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։
Կախա Կալաձեի խոսքով՝ երկրի գլխավոր տոնածառի վառվելուց հետո դեկտեմբերի 16-ին Օրբելիանիի հրապարակի մոտ և Մայրենի լեզվի այգում կբացվի «Ամանորյա գյուղ»։
«Դեկտեմբերի 16-ից հունվարի 7-ը գործելու է «Ամանորյա գյուղը»։ Գյուղը կգտնվի Օրբելիանիի հրապարակում և հարակից փողոցներում, ինչպես նաև Մայրենիի այգում, որտեղ երեխաներին կդիմավորեն Ձմեռ պապի տունը, էլֆերի արհեստանոցը և ատրակցիոնները։ Նույն ժամանակահատվածում «Ամանորյա գյուղում» կկազմակերպվեն գաստրոնոմիական շուկա, ձեռնարկատիրական շուկա, «տաք ըմպելիքների բար», «Սուրբ Ծննդյան շուկա», «Ամանորյա քաղաքի» արհեստանոց և թատրոն, ֆոտո գոտիներ, սառցադաշտ։ Կլինեն թատերական երթեր, մանկական արհեստանոց եւ այլն։ «Ամանորյա գյուղում» օրվա երկրորդ կեսը կնվիրվի տարբեր խմբերի և կատարողների երաժշտական երեկոներին։ Ընդհանուր առմամբ, մեզ սպասում են 23 կախարդական, զվարճալի, զգացմունքներով լի Ամանորյա երեկոներ։ Դեկտեմբերի 15-ին և 16-ին հրավիրում ենք ձեզ ընտանիքներով, ընկերներով, հյուրերով ինչպես տոնածառի լույսերը վառելու, այնպես էլ «Ամանորյա գյուղի» բացմանը։ Վստահեցնում եմ, որ մեր մայրաքաղաքը շատ գեղեցիկ է լինելու»,- ասել է Կախա Կալաձեն։