Թբիլիսիի տրանսպորտային ընկերության չորս աշխատակիցներ ձերբակալվել են կաշառակերության և խարդախության փորձի համար
Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում Թբիլիսիի քաղաքապետարանի և Վրաստանի դատախազության համապատասխան ծառայությունների հետ համագործակցությամբ ձերբակալել են «Թբիլիսի տրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի չորս աշխատակցի՝ կաշառակերության եւ խարդախության փորձի փաստով։ Տեղեկությունը տարածում է Պետական անվտանգության ծառայությունը։
«Քննությամբ պարզվել է, որ նշված անձինք տարբեր անձանցից կաշառք են ստացել՝ իրենց ծառայողական իրավունքներն ու պարտականությունները կատարելու դիմաց։
Այս փուլում բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր համատեղ կամ առանձին-առանձին գումար են փոխանցել տրանսպորտային ընկերության աշխատակիցներին։
«Վերոնշյալ գործողության արդյունքում հանցավոր խմբի անդամները ստացել են խոշոր չափի ապօրինի եկամուտներ, որոնք կիսել են միմյանց միջև»,- ասված է Պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հետաքննություն է տարվում կազմակերպված խմբի կողմից կաշառակերության և խարդախության փորձի հատկանիշներով։ Հետաքննությունը վարում է Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը։