Թբիլիսիի, Ռուսթավիի և Քութաիսիի հանրային դպրոցների աշակերտների ծնողներին այսօրվանից հնարավորություն է տրվում գրանցվել առցանց ուսուցման համար
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Թբիլիսիի, Ռուսթավիի և Քութաիսիի հանրակրթական հաստատությունների աշակերտների ծնողներին հնարավորություն է տալիս ընտրություն կատարել հեռավար ուսուցման և ուսումը դասարաններում շարունակելու միջև,- այս մասին ասված է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ նրանց, ծնողը, ով ցանկանում է, որ իր երեխան ուսումը շարունակի հեռակա ձևով, պետք է դիմի դպրոցի տնօրինությանը և գրանցվի՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կողմից ստեղծված ՝ online.emis.ge կայքում:
Առցանց կրթությանը դիմումի լրացում-չեղարկումը հնարավոր կլինի ամեն չորեքշաբթի, ժամը 00:00-ից 23:59-ը: Այս պահին կայքում կլինի գրանցման բաց դաշտ:
Ուսուցման հեռավար ձևաչափի ընտրության հնարավորությամբ արդեն օգտվում են՝ Զուգդիդիի, Թելավիի, Զեստափոնիի, Գարդաբանիի, Փոթիի, Մառնեուլիի, Բաթումիի, Քոբուլեթիի և Գորիի հանրային դպրոցների աշակերտները, որտեղ ուսումնական գործընթացը դասասենյակներում վերսկսվել էր փետրվարի 1-ից: Այսօրվանից այդ հնարավորությունը տրվում է նաև՝ Թբիլիսիի, Ռուսթավիի և Քութայիսիի հանրային դպրոցների աշակերտներին:
Բացի այդ, նախարարության որոշմամբ, այն ուսուցիչները, որոնք ստիպված կլինեն լրացուցիչ հեռավար դասեր անցկացնել, կստանան համապատասխան հատուցում:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, փետրվարի 15-ից ամբողջ երկրի տարածքում ուսումնական գործընթացը, հաշվի առնելով առողջապահության նախարարության կողմից սահմանված համապատասխան կանոնակարգերը, կշարունակվի դասասենյակներում: Խորհրդի որոշմամբ, բոլոր դպրոցներում V-XII դասարանների աշակերտները կրելու են շնչադիմակներ: Կրթության նախարարությունում նշում են, որ անհրաժեշտության դեպքում կշարունակվի մոտեցումը կետային սահմանափակումների կապակցությամբ: