Թբիլիսիի պետական համալսարանում ռեկտորի պաշտոնակատարի ընտրություններ են ընթանում
Թբիլիսիի պետական համալսարանում ռեկտորի պաշտոնակատարի ընտրություններ են ընթանում։ Դահլիճը, որտեղ ընթանում է քվեարկությունը, փակ է։
ԹՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի մրցույթին մասնակցում է մեկ թեկնածու՝ Ջաբա Սամուշիան։
Քվեարկության գործընթացն ընթանում է ուսանողների մի մասի բողոքի ակցիայի ֆոնին։ Երիտասարդների կարծիքով՝ ընտրություններն անցկացվում են կանոնակարգի խախտումներով, և ռեկտորի պաշտոնակատարին գիտխորհրդի փոխարեն պետք է ընտրի գիտական անձնակազմը։
Ուսանողների մի մասը կարծում է, որ գիտխորհուրդը ոչ լեգիտիմ մարմին է, որը սպասարկում է միայն իշխող կուսակցության և արտոնյալ խմբերի շահերը։ Որոշ ուսանողների կարծիքով՝ ներկայիս ընտրությունները ֆարս են:
Վարչակազմը պարզաբանում է, որ ռեկտորի պաշտոնակատարն ընտրվում է բարձրագույն կրթության մասին օրենքի համաձայն, և գիտխորհրդի անդամների կեսից ավելին է անհրաժեշտ: Վարչակազմի տվյալներով՝ ներկայումս գիտխորհրդում կա 33 անդամ։
Բացի այդ, ԹՊՀ-ի ղեկավարությունը հայտարարում է, որ քվեարկության գործընթացը կավարտվի ժամը 12:00-ին, որից հետո ընտրական հանձնաժողովի նախագահը հանդես կգա մեկնաբանությունով։ Համալսարանում մոբիլիզացված են անվտանգության աշխատակիցներ:
ԹՊՀ ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն հոկտեմբերի 7-ին դիմել է գիտխորհրդին և խնդրել իր հրաժարականը։