Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը հայտարարություն է տարածել: Հայտարարության համաձայն՝ հունիսի 15-ին Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորն ու տնօրինությունը հանդիպել են բողոքի ակցիա իրականացնող ուսանողների հետ։
Հանդիպմանը բանակցային ձևաչափով կետ առ կետ քննարկվեցին ուսանողների հիշյալ խմբի կողմից ներկայացված հետևյալ հիմնական պահանջները՝ ուսանողական հանրակացարանների հարցը, համալսարանի բյուջեի թափանցիկությունը, ռեկտորի ընտրության կանոնները, ավարտական քննությունների ձևաչափը և այլն։
Համալսարանի տեղեկացմամբ՝ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ յուրաքանչյուր հարցի համար կստեղծվեն աշխատանքային խմբեր և հարթակներ, որտեղ ուսանողները կկարողանան քննարկել ընթացիկ հարցերը։ Համալսարանի ղեկավարության կողմից կազմակերպված թեմատիկ աշխատանքային խմբերն արդեն պատրաստ են հանդիպել ուսանողների հետ և աշխատել կառուցողական ձևաչափով։
«Ինչ վերաբերում է ավարտական քննությունների ձևաչափին, ապա յուրաքանչյուր ֆակուլտետի ղեկավարության հետ համատեղ ընդունված որոշման համաձայն, ավարտական քննությունները մեկնարկում են հունիսի 20-ին 3 քննական կենտրոնում՝ Թբիլիսիում, Քութայիսիում և Ախալցխայում։ Այն դեպքում, երբ ուսանողը օբյեկտիվ հանգամանքների բերումով չի կարող մասնակցել քննական գործընթացին, նրան հնարավորություն կտրվի դիմել իր ֆակուլտետի ղեկավարությանը, որն անհատապես կվերանայի այն և հիմնավորման դեպքում ուսանողներին կառաջարկի հետաձգել»,- ասված է հաղորդագրությունում։