Թբիլիսիի մսուր-մանկապարտեզներում ընդհանուր գրանցումը կսկսվի հուլիսի 25-ից
Թբիլիսիի մանկապարտեզներում 2023-2024 ուսումնական տարվա էլեկտրոնային գրանցման գործընթացը հաջողությամբ է ընթանում,- այս մասին այսօր մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ գրանցման կանոններում կատարված փոփոխություններն ապահովել են գործընթացի արդյունավետ կառավարումը։
«Այս տարի առաջին անգամ ներդրվել է եռաստիճան գրանցում, ինչը նշանակում է թիրախային սոցիալական խմբերը ներկայացնող երեխաների գրանցում առաջին փուլում։ Նշված փուլը տեղի է ունեցել հուլիսի 10-ից հուլիսի 15-ը, գրանցվել է 2621 երեխա, և պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ հուլիսի 17-ին սկսվել է գրանցման երկրորդ փուլը, որին մասնակցում են միայն Թբիլիսիի քաղաքապետարանի տարածքում գրանցված երեխաները։
Թբիլիսիի քաղաքապետի տեղեկություններով՝ նշված փուլը նույնպես հաջողությամբ է անցկացվում, և մինչ այժմ գրանցված է մոտ 5000 երեխա։
Կախա Կալաձեի խոսքով՝ երրորդ փուլը՝ համընդհանուր գրանցումը կսկսվի հուլիսի 25-ին։
Այս փուլում կգրանցվի մինչև 7500 երեխա, որտեղ 2-ից 6 տարեկան ցանկացած երեխա՝ ինչպես Վրաստանի քաղաքացիությամբ, այնպես էլ կացության թույլտվությամբ, կարող է ընդունվել Թբիլիսիի պետական մանկապարտեզներ։
«Շատ նոր մանկապարտեզներ ենք կառուցել։ Ապամոնտաժվել են հին մանկապարտեզները, կառուցվել նորերը, վերանորոգման աշխատանքներ են ընթանում»,- ասել է Կախա Կալաձեն։