Թբիլիսիի միջազգային օդանավակայանը «Skytrax» վարկանիշով Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանների հնգյակում է
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը «Skytrax» վարկանիշով Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանների հնգյակում է

Ամստերդամում անցկացված «Skytrax World Airport Awards 2023» մրցանակաբաշխության ժամանակ TAV Georgia-ի կողմից կառավարվող երկու օդանավակայաններն էլ ընդգրկվել են Արևելյան Եվրոպայի 10 լավագույն օդանավակայանների շարքում: Տեղեկությունը տարածում է «TAV Georgia»-ն։ Նրանց տվյալներով՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանը տասներորդ անգամ անընդմեջ ներառվել է նշված անվանակարգում, իսկ Բաթումին՝ երկրորդ անգամ։

Ուղևորների հարցումների արդյունքում Արևելյան Եվրոպայի լավագույն հնգյակում են Բուդապեշտի, Տալլինի, Ռիգայի, Սոֆիայի և Թբիլիսիի միջազգային օդանավակայանները։

«Skytrax-ի 2023 թվականի վարկանիշում Բաթումիի միջազգային օդանավակայանը Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանների տասնյակում է։

«Passenger Terminal Expo 2023»-ի շրջանակներում կայացել է աշխարհի լավագույն օդանավակայանների մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էր Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայանների կառավարիչ «TAV Georgia»-ի գլխավոր մենեջերը։ Միջոցառման շրջանակներում Թեա Զաքարաձեն հանդիպել է «Skytrax»-ի նախագահ Էդուարդ Պլայստեդին։

«Skytrax»-ը բրիտանական ազդեցիկ խորհրդատվական ընկերություն է, որը 1999 թվականից ուսումնասիրում և գնահատում է աշխարհի օդանավակայաններում և ավիաընկերություններում սպասարկման որակը»,- ​​նշվում է «Tav Georgia»-ի տարածած տեղեկատվության մեջ։