Թբիլիսիի մետրոպոլիտենի վագոնների վերանորոգման համար պետբյուջեից կհատկացվի 475 մլն եվրո
Թբիլիսիի մետրոպոլիտենի վագոնների վերանորոգման համար պետբյուջեից կհատկացվի 475 մլն եվրո,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ հանդիպմանը։
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախագծի մանրամասները և պլանավորվել են ապագայում իրականացվելիք քայլերը։
Ինչպես նշեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նախագծի շրջանակներում նախատեսվում է 212 միավոր ժամանակակից, միջազգային ստանդարտների մետրոյի վագոնների գնում, որոնք փուլ առ փուլ կմատակարարվեն և հետագա 15 տարիների ընթացքում կիրականացվի գործող հնացած գնացքների փոխարինում։ Նրա խոսքով, 212 վագոնն ընդհանուր առմամբ 45 գնացք է։
Նախագծի համաձայն՝ Սաբուրթալո գծի համար նախատեսված է 13 միավոր չորս վագոնանոց, իսկ Ախմետելի-Վարկեթիլի գծի համար՝ 32 միավոր հինգ վագոնանոց գնացք։
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 475 մլն եվրո և ամբողջությամբ ֆինանսավորվելու է պետական բյուջեից, ինչի համար շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը և անձամբ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, նշված որոշման հիման վրա առաջիկա օրերին կհայտարարվի շուկայի հետազոտություն, որից հետո կանցկացվի միջազգային մրցույթ: