Թբիլիսիի մետրոկայաններում այսուհետ «պիկ ժամերին» վերահսկվում է ուղևորների հոսքը
Համաճարակաբանական իրավիճակից ելնելով «Վարկեթիլիի», «Ախմետելի թատրոնի», «Դիդուբեի» և «Կայարանի հրապարակի» մետրոյի կայարաններում պիկ ժամերին հերթի կառավարման նպատակով սկսվել է ուղևորահոսքի հսկողությունը:
Թբիլիսիի քաղաքապետարանը միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականով, հատուկ միջոցառումներ է իրականացնում Թբիլիսիի մետրոյում՝ հանրային առողջապահության անվտանգության նպատակով:
«Թբիլիսիի մետրոյի մի քանի կայարաններում պիկ ժամերի ընթացքում ուղևորների հոսքերը կկառավարվեն հատուկ բաժանարար արգելքների և զիգզագների միջոցով: Առաջին փուլում ընտրվել են մետրոյի չորս կայարաններ՝ ավելի շատ ուղևորահոսքերով: Մետրոյի կայարաններն են. «Վարկեթիլի», «Ախմետելի թատրոն», «Դիդուբե» և «Կայարանի հրապարակ»:
Մենք ուղևորներին կոչ ենք անում, մետրոկայանների մուտքերի մոտ երկու մետր հեռավորություն պահպանել՝ կրկին ու կրկին իրենց առողջության անվտանգության համար», – հայտարարել է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատու Թամազ Ռոբաքիձեն:
Թբիլիսիի քաղաքապետարանը կոչ է անում բնակչությանը, խստորեն հետևել Վրաստանի կառավարության կողմից սահմանված հանձնարարականներին և հոգ տանել իրենց ու շրջապատի մարդկանց առողջության մասին: