Նոր դաստիարակչական տարվանից Թբիլիսիի մանկապարտեզների բոլոր աշխատակիցները կստանան ավելի բարձր աշխատավարձ,- այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը:
Թբիլիսիի մսուր-մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար Կախաբեր Գվանցելաձեի հայտարարությամբ, աշխատավարձի ավելացումն իրականացվում է Վրաստանի կառավարության որոշմամբ:
«2020 թվականի ուսումնական-դաստիարակչական տարվանից դպրոցներում և մանկապարտեզներում ուսուցիչների աշխատավարձի ավելացման մասին Վրաստանի վարչապետը հայտարարել էր նախորդ տարվա սեպտեմբերին: Որոշման համաձայն, Թբիլիսիի քաղաքապետի հետ հենց տարվա սկզբից սկսեցինք աշխատել բյուջեի ծրագրման շուրջ և ուրախ եմ, որ սեպտեմբերին ոչ միայն դաստիարակները, այլև՝ բոլոր 10 800 աշխատակիցները կստանան ավելացած աշխատավարձ»,- հայտարարել է Կախաբեր Գվանցելաձեն:
Կախաբեր Գվանցելաձեի հայտարարությամբ, աշխատավարձի ավելացման արդյունքում, աշխատավարձային ֆոնդը տարեկան կավելանա 8 086 773 լարիով: