Թբիլիսիի քաղաքային խորհուրդը դեղամիջոցներ կուղարկի ուկրաինացիներին օգնելու համար
Թբիլիսիի սակրեբուլոն և Վրաստանի Կարմիր խաչի ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ուկրաինացի ժողովրդին օգնելու համար։
Միջոցառումն անցկացվել է մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնում՝ ուկրաինացի ժողովրդին դեղամիջոցներով օգնելու ակցիայի շրջանակներում։
Հուշագիրը ստորագրել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեն և Վրաստանի Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Նինո Օսեփաշվիլին։
«Կարմիր խաչի հետ ստորագրված հուշագրի համաձայն՝ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը մասնավոր հատվածի հետ միասին զգալի ներդրում կունենան այս խիստ անհրաժեշտ գործում և կուղարկենք մարդասիրական օգնություն դեղորայքի տեսքով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել այս գործընթացում, քաղխորհրդի անդամներին, քաղխորհրդի աշխատակազմին և այն ընկերություններին, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել այս ակցիային»,- ասել է Գիորգի Տղեմալաձեն։
Համաձայն հուշագրի՝ Վրաստանի Կարմիր խաչի ընկերությունը և Թբիլիսիի քաղաքային խորհուրդը պայմանավորվել են համագործակցել համատեղ գործունեության հաջող իրականացման համար։ Մասնավորապես, Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակում խոցելի բնակչությանն աջակցելու և դեղորայքով ապահովելու նպատակով Կարմիր Խաչի ընկերությունը պարտավորվում է դոնորի նվիրաբերած գումարով դեղեր գնել և ուղարկել Ուկրաինայի Կարմիր Խաչին։
«Այսօր Ուկրաինայում ամենավատ իրավիճակն է։ Քաղաքային խորհրդի անդամներն ու աշխատակազմը ներգրավված են բոլոր անհրաժեշտ մարդասիրական աշխատանքներում: Այս անգամ մենք դեղեր գնեցինք՝ օգնելու առավել խոցելի բնակչությանը։ Մենք հուշագիր ենք ստորագրել Վրաստանի Կարմիր խաչի ընկերության հետ, որը կապահովի Ուկրաինայում Կարմիր Խաչին դեղերի մատակարարումը»,- ասել է Զուրաբ Չիկվիլաձեն։
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի սակրեբուլոյի մամուլի ծառայությունը։