Թբիլիսիի քաղաքային խորհրդի մեծամասնությունը հանդես է եկել Ուկրաինային աջակցող ուղերձով
Թբիլիսիի քաղաքային խորհրդի մեծամասնությունը հանդես է եկել Ուկրաինային աջակցող ուղերձով

Թբիլիսիի սակրեբուլոյի մեծամասնության անդամները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեն այսօր հանրությանը ներկայացրեց պաշտոնական Կիևին և ուկրաինացի ժողովրդին ուղղված աջակցության ուղերձը։

Քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թբիլիսիի ներկայացուցչական մարմինը ուղերձը առաջիկա օրերին կուղարկի Կիևի քաղաքային խորհուրդ։

Նրանց խոսքով, ավագանու որոշ ընդդիմադիր կուսակցություններ համաձայն չեն ուղերձի բովանդակության հետ և չեն պատրաստվում ստորագրել այն։

«Հարգելի գործընկերներ, մենք ցանկանում ենք, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամները լիովին աջակցեն մեր բարեկամ քաղաքին՝ Կիևին և մեր բարեկամ ուկրաինացի ժողովրդին։ Մենք հավատարիմ ենք միջազգային իրավունքի սկզբունքներին և միջազգային իրավունքի միջազգայնորեն ճանաչված նորմերին, ներառյալ, իհարկե, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքները։ Մենք խորապես մտահոգված ենք Ուկրաինայի շուրջ ընթացիկ զարգացումներով, որոնք նոր սպառնալիքներ են ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։ Մենք դատապարտում ենք ցանկացած մտադրություն, որը կարող է ուղղված լինել ինքնիշխան պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Հայտարարում ենք նաև, որ ռազմաքաղաքական դաշինքին անդամակցելը ինքնիշխան պետության ինքնիշխան իրավունքն է, և այդ իրավունքը ռազմաքաղաքական ճանապարհով սահմանափակելու ցանկացած փորձ կտրականապես անընդունելի է։ Այսօր Ուկրաինայում հնարավոր պատերազմի կանխումը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի և ողջ միջազգային հանրության գլխավոր մտահոգությունը։ Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բարեկամ ուկրաինացի ժողովրդին և Կիևի Ռադային»,- ասված է Թբիլիսիի քաղաքային խորհրդի մեծամասնության տարածած հայտարարության մեջ։