Թբիլիսիի քաղաքային դատարանը փակ նիստում քննարկում է Գրիգոլ Լիլուաշվիլիի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը
Թբիլիսիի քաղաքային դատարանը փակ նիստում քննարկում է Գրիգոլ Լիլուաշվիլիի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը

Թբիլիսիի քաղաքային դատարանը պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը քննարկում է փակ ռեժիմով։

Գրիգոլ Լիլուաշվիլիի գործը քննում է դատավոր Արսեն Կալատոզիշվիլին, իսկ ինքը՝ Գրիգոլ Լիլուաշվիլին, նիստին չի մասնակցում։

Դատական գործընթացի մեկնարկից առաջ Լիլուաշվիլիի փաստաբան Ռոբերտ Գրիգալաշվիլին ընթերցել է իր պաշտպանյալին վերաբերող հայտարարությունը, որտեղ Լիլուաշվիլին բացատրում է իր բացակայության պատճառը։

«Իմ նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում։ Ինչքանով տեղյակ եմ, այսօր մեղադրող կողմը դիմելու է խափանման միջոց կիրառելու հարցով։ Կարծում եմ, որ 24 ժամվա ընթացքում ֆիզիկապես չեմ կարողանա ծանոթանալ գործի նյութերին։ Դատարանի նկատմամբ հարգանք եմ ցուցաբերում, սակայն մինչև գործի նյութերին ծանոթանալը ցանկություն չունեմ ներկա գտնվելու դատական նիստին։ Իմ շահերը կպաշտպանի իմ փաստաբանը», – նշված է հայտարարությունում։

Միևնույն ժամանակ, մեղադրող կողմը պահանջել է նիստն անցկացնել փակ ձևաչափով։ Դատախազ Մարիամ Բերձենիշվիլիի խոսքով՝ մեղադրյալի դեմ առկա են ուղիղ բնույթի ապացույցներ։

«Հարցաքննվել են վկաներ։ Որպեսզի վկաների անունները, ազգանունները և նրանց կողմից տրամադրված տեղեկությունները չհրապարակվեն և նրանց համար վտանգ չառաջանա, այդ պատճառով էլ պահանջում ենք նիստի փակ անցկացում», – նշել է դատախազը։

Տեղեկատվության համար նշվում է, որ Վրաստանի դատախազությունը երեկ ձերբակալել է ՍԱԾ-ի նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին։ Դատախազության տվյալներով՝ Գրիգոլ Լիլուաշվիլին մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով և 3-րդ մասի «ե» ենթակետով, ինչը ենթադրում է նախնական համաձայնությամբ խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և նախատեսում է որպես պատիժ 11-ից 15 տարվա ազատազրկում։