Թբիլիսիի քաղաքապետն աշխատանքային հանդիպում է ունեցել հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի հետ
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլիի հետ։
Մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Թբիլիսիի 2024 թվականի բյուջեի ուղղությունները, քաղաքապետարանի նախատեսվող և ընթացիկ ծրագրերը։ Ռաժդեն Կուպրաշվիլին Թբիլիսիի քաղաքապետին է ներկայացրել հակակոռուպցիոն բյուրոյի գործունեությունն ու ծրագրերը։
Կախա Կալաձեն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը։
«Կոռուպցիայի դեմ պայքարը մեր կառավարության հիմնական առաջնահերթություններից է։ Բարեբախտաբար, Վրաստանն այս ուղղությամբ լավ արդյունքներ ունի, թեև կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտ են, և մենք պետք է մշտապես զգույշ լինենք։ Հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացում կարևոր է գերատեսչությունների համագործակցությունն ու ներգրավվածությունը»,- նշել է Կախա Կալաձեն։
Զրույցում անդրադարձ է կատարվել նաև պետական հիմնարկներում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։