Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ իրենց կողմից մշակված բիզնեսի աջակցության ծրագիրը կմեկնարկի 2022 թվականից
Թբիլիսիի քաղաքապետարանը մի շարք միջոցառումներ է մշակել՝ համավարակի հետևանքով տուժած փոքր և միջին բիզնեսին աջակցելու համար,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մունիցիպալիտետի կառավարության այսօրվա նիստին:
Ըստ Կալաձեի, բիզնեսի աջակցության ծրագիրը կսկսվի գործել 2022 թվականից եւ կներառի տարբեր բաղադրիչներ:
«Մենք մշակել ենք բիզնեսի աջակցության մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, մենք քաղաքապետարանի և քաղաքային ձեռնարկությունների վարձակալներին կազատենք 2021-2022 թվականներին վճարվելիք հարկից: Բացի այդ, հաշվի առնելով, որ համաճարակի հետևանքով նրանց տնտեսական գործունեությունը կրճատվել է, մենք առաջարկում ենք վարձակալության ժամկետների ճշգրտում երկու տարով, ինչը նշանակում է, որ մենք ուղղակիորեն կերկարաձգենք վարձակալության ժամկետները երկու տարով»,- ասել է Կախա Կալաձեն:
Ըստ մայրաքաղաքի քաղաքապետի, ծրագրի շրջանակներում զբոսաշրջային օբյեկտները կազատվեն մաքրման վճարից:
«Նույն ժամանակահատվածում վարձակալության պայմանագրի հարկային տույժերը զրոյացվելու են: Զբոսաշրջային օբյեկտները՝ ռեստորաններ, հյուրանոցներ և այլն, միանվագ կազատվեն մաքրման վճարից: Համաճարակի արդյունքում զգալիորեն տուժեց տնտեսական հատվածը, հատկապես փոքր և միջին բիզնեսը: Դրանց հետևում կանգնած են բազմաթիվ ընտանիքներ և մարդիկ: Հետևաբար, կարևոր է շարունակել նրանց աջակցության միջոցառումները: Բիզնեսի աջակցության ծրագիրը նախագծի տեսքով արդեն ուղարկվել է Թբիլիսիի ավագանուն, և ես հույս ունեմ քաղաքային խորհրդի մեծամասնության աջակցության համար: Կարծում եմ, որ դա որոշակի աջակցություն կլինի փոքր ու միջին բիզնեսին»,- ասել է Կախա Կալաձեն: