Թբիլիսիի քաղաքապետարանի ծառայությունները հունիսի մեկից աստիճանաբար կվերսկսեն աշխատանքը
Թբիլիսիի քաղաքապետարանի ծառայությունները հունիսի մեկից աստիճանաբար կվերսկսեն աշխատանքը

Թբիլիսիի քաղաքապետարանի ծառայությունները հունիսի մեկից աստիճանաբար կվերսկսեն աշխատանքը, այդ թվում, կբացվեն քաղաքացիների սպասարկման կենտրոնները,- այս մասին այսօր հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ինչպես նա մեկնաբանել է, մունիցիպալ ծառայությունների աշխատանքի խափանման պատճառը երկրում ստեղծված բարդ իրավիճակն էր:

«Միակ ծառայությունը, որն աշխատում էր, դա առողջապահության և սոցիալական ուղղություններն էր: Հունիսի մեկից բոլոր ուղղություններով, որտեղ ունեինք խափանումներ և դադարեցված էր աշխատանքը, կվերսկսվի ծառայությունների տրամադրումը»,- նշել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, հունիսի մեկից կսկսվեն նաև Թբիլիսիի քաղաքապետարան ներկայացված վարչական միավորների բողոքները քննարկող հանձնաժողովի նիստերը և այլ նիստեր, մրցույթներ:

«Այստեղ ևս պարտադիր պետք է հաշվի առնել բոլոր հանձնարարականները: Մեր աշխատակիցներին կապահովենք բժշկական դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ լուծույթներով»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը:

Մայիսի 29-ից, մայրաքաղաքում աշխատանքն է վերսկսում հասարակական տրանսպորտը: