Թբիլիսիի քաղաքապետարանի և արդարադատության նախարարության միջև ստորագրվել է հուշագիր, որի հիման վրա Թբիլիսին ներգրավվում է հողերի համակարգված գրանցման նախագծին
Թբիլիսիի քաղաքապետարանի և արդարադատության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, հուշագիրը նախատեսում է Թբիլիսիի տարածքում պետական, մունիցիպալ և մասնավոր հողատարածքների համակարգված գրանցման նախագիծ՝ իրավական և կադաստրային ամբողջական տվյալներ ստեղծելու նպատակով։
Փաստաթուղթը ստորագրել են մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն և արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
Կախա Կալաձեի խոսքով՝ մայրաքաղաքի ընդգրկումը հողերի համակարգված գրանցման նախագծում կհեշտացնի քաղաքապետարանի տարածքում հողամասերի սեփականատերերի իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքապետարանի շահերը։
«Արդարադատության նախարարության հետ ստորագրում ենք փոխհամագործակցության հուշագիր, որի հիման վրա Թբիլիսիում կսկսվի հողերի համակարգված գրանցման նախագծի իրականացումը։ Այս նախագիծը երկար ժամանակ շարունակվում է ողջ Վրաստանում, թեև Թբիլիսիի քաղաքապետարանը ներգրավված չէր այս գործընթացում, և այսուհետ Թբիլիսիում համակարգված գրանցման մեկնարկը կօգնի պաշտպանել հողատարածք ունեցող քաղաքացիների սեփականության իրավունքներն ու շահերը»,- ասաց մայրաքաղաքի քաղաքապետը։
Նրա պարզաբանմամբ՝ նախագիծը կիրականացնի Հանրային ռեգիստրը, իսկ ֆինանսական աջակցությունը կտրամադրի Թբիլիսիի քաղաքապետարանը։
«Այս հուշագիրը ևս մեկ վառ օրինակ է այն բանի, որ գերատեսչությունների համատեղ ջանքերը, արդյունավետ համակարգված աշխատանքը բարձրացնում են քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության որակը»,- ասել է Կախա Կալաձեն։
Ծրագիրը կիրականացվի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը և կապահովի իրավական և կադաստրային ամբողջական տվյալների ստեղծումը։
Ծրագրի իրականացման արդյունքում կբացահայտվեն որպես քաղաքապետարանի սեփականություն գրանցման ենթակա հողատարածքներ և կլրացվեն քաղաքապետարանի անշարժ գույքի ֆոնդի տվյալները։
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։