Համավարակի պատճառով սահմանված սահմանափակումների պայմաններում Թբիլիսիի քաղաքապետարանը շարունակում է օգնել միայնակ ծերերին և սոցիալապես անապահով այլ կատեգորիայի քաղաքացիներին:
Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 1,2 միլիոն լարի, իսկ Թբիլիսիի քաղաքային խորհրդից՝ 200 հազար լարի:
Նրանց խոսքով, ծրագրի շրջանակներում այս փուլում գնվել են 500 000 լարի արժողությամբ սննդամթերք, քաղցրավենիք և առաջին անհրաժեշտության իրեր, որոնք հանձնվել են Թբիլիսիի բոլոր 10 գամգեոբաներին: Իրենց հերթին, գամգեոբաների անձնակազմը բարիքները կփոխանցի այն ընտանիքներին, ովքեր դրա կարիքը առավել շատ ունեն:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր ներկա է եղել ապրանքի փաթեթավորման և բաշխման գործընթացին:
«Մենք շարունակում ենք մեր կողմից մեկնարկած աջակցության ծրագիրը: Ստեղծվեց շատ լավ հարթակ: Դեռևս համաճարակի առաջին ալիքի ժամանակ մենք ունեինք նման ծրագիր, որում ներգրավված էին բիզնես ոլորտը և շարքային քաղաքացիները, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Այսօր դուք կարող եք տեսնել այն սննդամթերքը, որոնք փաթեթավորվում և բաշխվում են: Եվ ապա գամգեոբայի անձնակազմն ապրանքը անհատապես կհասցնի այն ընտանիքներին, ովքեր ամենից շատ կարիք ունեն մեր աջակցության և քաջալերանքի: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն երիտասարդներին, ովքեր ներգրավված են որպես կամավորներ և օգնում են քաղաքապետարանի և գամգեոբայի աշխատակազմին ապրանքը փաթեթավորելու և բաժանելու հարցում, ինչը շատ կարևոր է: Բացի այդ, պետք է նշեմ, որ Ամանորից առաջ բոլոր գամգեոբաները, քաղաքապետարանը բարիքներ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին: Դրան գումարեք այն ամենը, ինչ տեսնում եք այստեղ, և կարծում եմ, որ դա շատ կարևոր աջակցություն կլինի: Իհարկե, մենք կշարունակենք այս ծրագիրը առաջիկա օրերին և հաջորդ տարի ևս», – ասաց Կախա Կալաձեն:
Հատկացված գումարի շրջանակներում, միայնակ ծերերին և սոցիալապես անապահով այլ կատեգորիայի քաղաքացիներին օգնելու համար, Թբիլիսիի քաղաքապետարանը առաջիկայում ձեռք կբերի ևս 700 հազար լարի արժողությամբ սննդամթերք և առաջին բուժօգնության իրեր: