Թբիլիսիի քաղաքապետարանը միջազգային տենդերներ կհայտարարի մետրոպոլիտենի կայարանների վերանորոգման համար

15:04, 03.04.2025

Քաղաքապետարանը մայրաքաղաքում գործող մետրոյի կայարանների վերանորոգման համար կհայտարարի միջազգային տենդերներ, քանի որ տեղական ընկերությունները չունեն նման տեսակի աշխատանքներ կատարելու համապատասխան փորձառություն։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նրա խոսքով՝ ակտիվ համագործակցություն է ընթանում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, և մի քանի մետրոյի կայարանի վերանորոգման նախագիծ կներկայացվի մոտ ժամանակում։

«Միշտ փորձում եմ բաց խոսել ինչպես հաջողված նախագծերի, այնպես էլ առկա մարտահրավերների և խնդիրների մասին։ Մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանի վերաբերյալ երեկ հանրությանը ներկայացրի ամբողջական տեղեկատվություն։ Ինչ վերաբերում է «Գուրամիշվիլի» և մյուս կայարաններին, որոնք վատ վիճակում են և նորոգման կարիք ունեն, դուք գիտեք, որ աշխատում ենք միջազգային կազմակերպությունների հետ, և առաջիկայում կներկայացնենք կոնկրետ նախագծեր։ Պետք է նշել, որ մենք առաջնորդվում ենք այն պրոտոկոլով, որը սահմանված է այս միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, և գործընթացը որոշ ժամանակ է պահանջում։ Ես բազմիցս անդրադարձել եմ այս թեմային։ Գլխավոր պատճառը այն է, որ ցավոք, մեր երկրում չկան համապատասխան փորձագետներ կամ ընկերություններ, որոնք կարող են իրականացնել մետրոյի կայարանների վերանորոգման աշխատանքներ։ Հենց այդ պատճառով ցանկանում ենք հայտարարել միջազգային տենդերներ, որպեսզի գործընթացին մասնակցեն արտասահմանյան ընկերություններ, որոնք ունեն մեծ փորձ և իրականացրել են նմանատիպ աշխատանքներ», – հայտարարել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման նախագիծը կավարտի բելառուսական մի ընկերություն, որը տվյալ ոլորտում մեծ փորձ ունի։

««Վարկեթիլի» մետրոյի կայարանի վերանորոգման նախագծի համար մենք ստիպված եղանք ներգրավել փորձագետներ Բելառուսից և վարձել համապատասխան ընկերություն՝ ապահովելու համար, որ ամեն բան լինի անվտանգ։ Սա այնպիսի ընկերություն է, որն հետխորհրդային տարածքում գործնականում նախագծել և իրականացրել է մետրոյի կայարանների կառուցման աշխատանքներ։ Բելառուսի մետրոպոլիտենը կառուցվել է հենց այս ընկերության կողմից։ Դուք գիտեք, որ նույն ժամանակաշրջանում են կառուցվել նաև Թբիլիսիի մետրոյի կայարանները, և ընդհանրապես՝ մետրոյի ամբողջ նախագիծը։ Հետևաբար, մենք ստիպված եղանք հենց այս տարածքից ընտրել ընկերություն, որը մանրամասնորեն տիրապետում է թեմային։ Մենք ուսումնասիրեցինք և պարզեցինք, որ հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում մետրոյի կայարանները կառուցվել են նույնատիպ նախագծերով», – նշել է մայրաքաղաքի քաղաքապետը։

Նմանատիպ