Մայրաքաղաքում գրանցված քաղաքացիների համար սեպտեմբերից կմեկնարկի հոդերի էնդոպրոթեզավորման ծրագիրը,- այս մասին այսօր մունիցիպալ կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, ծնկների և ազդրի արհեստական անալոգով փոխարինելու համար 6000 լարի է սահմանվում մեկ քաղաքացու ֆինանսավորման համար։
«Մայրաքաղաքի բյուջեում կարևոր տեղ են զբաղեցնում սոցիալական և առողջապահական ծրագրերը, որոնց շրջանակներում մենք օգնում ենք բազմաթիվ մարդկանց։ Այս աջակցությունը կշարունակվի նաև ապագայում։ Էնդոպրոթեզավորման կարիք ունեցողների համար շատ կարևոր նորություն ունենք, որը, համաձայնեք, կապված է բավականին մեծ գումարի հետ։ Սեպտեմբերից սկսելու ենք մայրաքաղաքում հաշվառված քաղաքացիների հոդերի էնդոպրոթեզավորման ծրագիրը, որը ենթադրում է ծնկի և ազդրի արհեստական անալոգով փոխարինման վիրահատության ֆինանսավորում։ Ծրագրի բյուջեն ընթացիկ տարվա համար կկազմի կես միլիոն լարի»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, նշված ծրագրից օգտվողը հնարավորություն կունենա ընտրել բուժհաստատություն։
«Թբիլիսիի քաղաքապետարանի ծրագրի շրջանակներում ֆինանսավորումը կիրականացվի վաուչերային համակարգի միջոցով։ Ըստ այդմ՝ օգտատերը հնարավորություն կունենա ազատ ընտրություն կատարել բժշկական հաստատության ընտրության հարցում։ Ամբողջ աշխարհում հոդերի փոխարինման վիրահատություններ են կատարվում հազարավոր մարդկանց մոտ, և դա նրանցից յուրաքանչյուրի համար լիարժեք և ակտիվ կյանքի վերադառնալու միակ հնարավորությունն է։ Մեր նպատակն է աջակցել այդ մարդկանց և թեթևացնել նրանց ֆինանսական բեռը»,- ասել է Կախա Կալաձեն։