Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Իլիայի պետական համալսարանի երեխաների և դեռահասների զարգացման կենտրոնի վերաբերյալ
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Իլիայի պետական համալսարանի երեխաների և դեռահասների զարգացման կենտրոնի վերաբերյալ։
«Ցանկանում ենք արձագանքել սոցցանցում տարածված տեղեկատվությանը, թե իբր աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող ավելի քան 100 դեռահասներ մնում են առանց ծառայությունների։
Խոսքը Իլիայի երեխաների և դեռահասների զարգացման կենտրոնի մասին է, որտեղ 82 շահառու ծառայություններ է ստանում Թբիլիսիի քաղաքապետարանի «Աուտիզմի սպեկտրի խանգարումներով երեխաների և դեռահասների աբիլիտացիայի» ծրագրի շրջանակներում։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ նշված կենտրոնը փակվում է Լևան Սամխարաուլիի անվան Փորձաքննությունների ազգային բյուրոյի եզրակացության հիման վրա՝ շենքի վթարային լինելու պատճառով։
Այն դեպքում, եթե նշված կենտրոնը ծրագրի շրջանակներում չկարողանա գտնել այլընտրանքային տարածք և ծառայություններ մատուցել, երեխաները և դեռահասները իրենց ցանկությամբ կտեղափոխվեն քաղաքապետարանի ծրագիրն իրականացնող այլ կենտրոններ, և նրանց համար թերապիայի սեանսները չեն դադարեցվի:
Նշենք, որ քաղաքապետարանի ծրագրով մատուցվող ծառայությունները ֆինանսավորվում են ընդհանուր առմամբ 1850 երեխաների եւ դեռահասների համար»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրությունում։