Թբիլիսիի քաղաքապետարան – Առատ ձյունը Ազգային բուսաբանական այգու երկար պատմության մեջ ամենախոշոր վնասներից մեկն է պատճառել, այգին ժամանակավորապես փակ է այցելուների համար

11:33, 04.03.2026

Վրաստանի ազգային բուսաբանական այգին ժամանակավորապես փակ է այցելուների համար: Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, այս որոշումը կայացվել է առավելագույն անվտանգությունն ապահովելու համար:

Վարչության հաղորդմամբ, առատ ձյունը Ազգային բուսաբանական այգու երկար պատմության մեջ ամենախոշոր վնասներից մեկն է պատճառել: Առատ ձյունը լուրջ ազդեցություն է ունեցել ինչպես եզակի ծառերի և բույսերի հավաքածուների, այնպես էլ կարևոր ցուցանմուշների վրա:

«Հազվագյուտ փայտային բույսերի աչքի ընկնող նմուշներ են վնասվել, ինչը լուրջ մարտահրավեր է այգու էկոհամակարգի համար։

Մասնագետների կարծիքով, ստեղծված իրավիճակը պահանջում է հատուկ ուշադրություն և երկարատև վերականգնման գործընթաց։ Այս փուլում այգու վարչակազմը և համապատասխան ծառայությունները լիովին մոբիլիզացված են և աշխատում են արտակարգ ռեժիմով։ Վնասված տարածքները մաքրվում են, գնահատվում են ռիսկերը, և մշակվում են լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներ այցելուների անվտանգ տեղաշարժի համար։

Կախված վնասի մասշտաբից, այգու համապատասխան ծառայությունները ներգրավված են գործընթացում։ Մասնագետները աստիճանաբար գնահատում են պատճառված վնասը և մշակում վերականգնման միջոցառումների մանրամասն պլան։

Ինչպես նշվում է վարչակազմում, աղետի հետևանքները լիովին վերացնելու համար կպահանջվի զգալի ժամանակ և ռեսուրսներ։

Այգու ժամանակավոր փակումը կանխարգելիչ որոշում է, որն ուղղված է անվտանգության աշխատանքների անխափան ընթացքի ապահովմանը։ Աշխատանքների ավարտից հետո այն տարածքները, որտեղ ներկայումս տեղաշարժը սահմանափակված է, աստիճանաբար կվերադառնան բնականոն գործունեության ռեժիմի», – ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից տարածված տեղեկատվության մեջ։

Նմանատիպ