Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 62 կորոնավարակակիր, նրանցից մեծ մասի վիճակը միջինից ծանր է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահի դրությամբ մնում է 62 վարակակիր: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել կլինիկայի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեն:
Նրա փոխանցմամբ, պացիենտների մեծ մասի վիճակը միջինից ծանր է:
«Ինֆեկցիոն հիվանդության կենտրոնում ունենք 62 կորոնավարակակիր: Փաստացի, բոլոր մահճակալներն զբաղված են: Մեզ մոտ է գտնվում մեկ ամսեկան երեխա, նրա վիճակը համեմատաբար ծանր էր, սակայն այժմ բարելավվել է: Պացիենտների ընդհանուր վիճակը միջինից ծանր է: Կան նաև ծանր պացիենտներ: Վեցը բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժնում, մնացած ծանր պացիենտները գտնվում են մեկուսացման բաժանմունքում, ովքեր ունեն թոքաբորբ և թթվածնի աջակցության կարիք»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն: