Թբիլիսիի հասարակական տրանսպորտին ավելանում են նոր ավտոբուսներ և երթուղային տաքսիներ
Թբիլիսիի հասարակական տրանսպորտին ավելացել են նոր ավտոբուսներ և միկրոավտոբուսներ,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մունիցիպալիտետի կառավարության այսօրվա նիստին:
Նրա խոսքով, կկազմվեն նոր երթուղիներ, որոնցով կերթևեկի հասարակական տրանսպորտը:
«Տրանսպորտային քաղաքականության շրջանակներում, քաղաքում քաղաքացիների տեղաշարժի և հասարակական տրանսպորտով ուղևորությունը պարզեցնելու համար, արվել են բազմաթիվ կարևոր քայլեր, որը պայմանավորված է նոր ավտոբուսներ ներկրելով և նոր երթուղային տաքսիներ գնելով: Բացի այդ, կազմում ենք նոր երթուղիներ, քանի որ միկրոավտոբուսների և ավտոբուսների մետրոյի հետ կրկնվելու դեպքեր կան: Այս ամենը կկարգավորվի և բնակչությանը կներկայացնենք շնորհանդես, թե ինչպիսին կլինեն նոր երթուղիները: Այս ամենն արվում է, որպեսզի քաղաքացիների համար ստեղծենք հարմարավետություն»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Նրա փոխանցմամբ, նոր երթուղիների շնորհանդեսը կանցկացվի ուրբաթ, հոկտեմբերի 23-ին: