Թբիլիսիի և Բեռնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Թբիլիսիի և Բեռնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Բեռնում պաշտոնական այցով գտնվող Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է Բեռնի քաղաքապետ Ալեք ֆոն Գրաֆենրիեդի հետ։

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ կողմերը քննարկել են վրաց-շվեյցարական հարաբերությունների հարցերը և ընդգծել Թբիլիսի-Բեռն համագործակցության խորացման հեռանկարները։ Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի և քաղաքաշինության ոլորտում առկա փորձին, որն ունի Բեռնը։ Թբիլիսիի քաղաքապետն իր գործընկերոջը տեղեկացրել է Վրաստանի մայրաքաղաքում այս ուղղությամբ իրականացվող ու իրականացվելիք ծրագրերի մասին։ Հանդիպմանն ընդգծվել է հունիսի 23-ին Եվրոպական խորհրդի կողմից ընդունված պատմական որոշումը և Վրաստանի՝ եվրոպական ընտանիք վերադառնալու վճռական ընտրությունը։ Նշվել է, որ Վրաստանի մերձեցումը եվրոպական պետությունների, այդ թվում՝ Շվեյցարիայի հետ, հաջող քայլ է եվրաինտեգրման ուղղությամբ։

Երկկողմ հանդիպումից հետո Թբիլիսիի և Բեռնի քաղաքապետերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Քաղաքների միջև հարաբերությունները ներառում են հետևյալ ոլորտները՝ քաղաքաշինություն, տրանսպորտ, հասարակական անվտանգություն, տեխնոլոգիա, կրթություն, մշակույթ և զբոսաշրջություն:

«Մենք հնարավորություն ունեցանք Բեռնի քաղաքապետի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու, որն ընդգրկում է մի քանի ուղղություններ։ Դրանք են՝ քաղաքաշինություն, հասարակական տրանսպորտ, մշակույթ, կրթություն, ենթակառուցվածքներ։ Մենք շատ լավ փորձ ունենք կիսվելու։ Բեռնը զարգացած քաղաք է, Շվեյցարիան՝ գեղեցիկ երկիր և իհարկե, նրանց փորձի փոխանակումը մեր մայրաքաղաքի համար կարևոր է ենթակառուցվածքների, քաղաքային հարմարությունների առումով։ Այս աջակցությունը կարևոր կլինի տարբեր ծրագրերի և նախագծերի իրականացման փուլում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Բեռնի քաղաքապետին հյուրընկալության համար։ Իհարկե, կարևոր է էլ ավելի խորացնել մեր քաղաքների և ժողովրդի միջև հարաբերությունները»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։

Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել Ալեք ֆոն Գրաֆենրիեդին ջերմ հյուրընկալության համար և հույս հայտնել, որ Բեռնի քաղաքապետը մոտ ապագայում կայցելի Թբիլիսի։

«Ես չգիտեմ, արդյոք կա բարեկամություն ազգերի միջև, բայց ես կարծում եմ, որ կա բարեկամություն մարդկանց և քաղաքների միջև, և դա ավելի կարևոր է: Մենք գիտենք, որ մենք՝ բոլորս Եվրոպայում, կանգնած ենք ընդհանուր սկզբունքների և արժեքների վրա՝ սա հարգանք է մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ։ Ես հավատում եմ, որ քանի որ քաղաքներն ավելի մոտ են քաղաքացիներին, նրանք ավելի լավ կկարողանան համագործակցել այս ընդհանուր արժեքների շուրջ: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ Թբիլիսիի և Բեռնի հարաբերությունները կարևոր են»,- ասել է Բեռնի քաղաքապետը։

Բեռնի քաղաքապետարանում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրիա Բասիլաիան և Շվեյցարիայում Վրաստանի դեսպան Ռևազ Լոմինաձեն։