«Թբիլիսի ուսանողական փառատոն 2022»-ը կփակվի այսօր՝ ժամը 18:00-ին, Ազգագրական թանգարանում տեղի ունենալիք լայնածավալ միջոցառմամբ։ Այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Գիտեք, թե որքան կարևոր է դա մեզ համար և որքան մեծ ուշադրություն է դարձվում ուսանողներին ու երիտասարդներին ուղղված տարբեր ծրագրերի ու միջոցառումների իրականացմանը։ Նախաձեռնեցինք բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, մշակութային, կրթական միջոցառումներ, ինչը շատ լավ է։ Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ և Վրաստանի ուսանողական կազմակերպությունների ասոցիացիայի կազմակերպմամբ ավարտվեց «Թբիլիսի ուսանողական փառատոն 2022»-ը, որի շրջանակներում անցկացվեցին մրցաշարեր 15 տեսակի մարզամշակութային տուրերում։ Միջոցառման լայնածավալ փակումը տեղի կունենա հուլիսի 6-ին, ժամը 18:00-ին, Ազգագրական թանգարանում, որտեղ կպարգևատրվեն տարբեր ուղղություններով հաղթող բուհերը, ինչպես նաև մշակույթի ուղղությամբ հաղթող բուհերը։ Միջոցառումը կներառի երիտասարդական խմբի համերգ և դիջեյի ծրագիր: Մասնակցությունն անվճար է, և բոլոր ցանկացողները կարող են գալ ու ներկա գտնվել»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, փառատոնին մասնակցել է ավելի քան 50 հազար ուսանող Վրաստանում գործող 34 պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից։
«Փառատոնը կընդունի ավանդական բնույթ և կանցկացվի ամեն տարի։ Համոզված եմ, որ այն տարեցտարի ավելի մեծ ու հետաքրքիր կդառնա։ Ուզում եմ ուսանողներին ասել, որ քաղաքապետարանի կողմից միշտ կլինի աջակցություն։ Մենք նրանց շատ հետաքրքիր նախագծեր ենք առաջարկելու։ Նաև ուզում եմ դիմել ուսանողական ինքնակառավարման մարմիններին՝ նախաձեռնողականություն ցուցաբերելու և հետաքրքիր նախագծեր ներկայացնելու համար։ Մենք պատրաստ ենք ֆինանսապես աջակցել այդ նախագծերին և հնարավոր դարձնել դրանց իրականացումը»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։