«Թբիլիսի Էներջի»-ի ոչ կենցաղային (առևտրային) բաժանորդների համար բնական գազի սակագինը իջեցվել է 11 թեթրիով,- այս մասին նշված է ընկերության տարածած տեղեկատվության մեջ։
Ըստ «Թբիլիսի Էներջի»-ի, բնական գազի 1 խմ-ի գինը 1,35-ի (մեկ լարի 35 թեթրի) փոխարեն կկազմի 1,24 (մեկ լարի 24 թեթրի), ներառյալ ավելացված արժեքի հարկը։
«Թբիլիս Էներջի» ՍՊԸ-ն մայրաքաղաքի բնական գազի բաշխման ամենամեծ լիցենզառուն է, որը սպասարկում է ավելի քան կես միլիոն բաժանորդի, այդ թվում՝ մինչև 20 հազար ոչ կենցաղային (առևտրային) բաժանորդների։
Այստեղ նշենք, որ կենցաղային սպառողների համար բնական գազի գինը չի փոխվում, և մեկ խորանարդ մետրի արժեքը շարունակում է մնալ 0,539708 լարի։
«Թբիլիսի Էներջի» ընկերությունը բնական գազ է ներկրում և վճարումները կատարում ԱՄՆ դոլարով։ «Հաշվի առնելով մատակարարների կողմից գնվող գազի գնի նվազումը և ազգային արժույթի ամրապնդումը ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ ընկերությունը որոշում է կայացրել նվազեցնել ոչ կենցաղային սակագինը»,- հայտնել են «Tbilisi Energy»-ից։