Թայվանում անցկացվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Ավելի քան 19 միլիոն թայվանցի ընտրողներ այսօր կկատարեն իրենց ընտրությունը։
Ընտրական մարաթոնի ֆավորիտը Դեմոկրատական առաջադիմական կուսակցության թեկնածու Ուիլյամ Լայան է։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Լայը կոչ է արել ընտրողներին ընտրել ճիշտ կողմը, որպեսզի Թայվանը պահպանի իր ինքնիշխանությունը։ Սրա հետ մեկտեղ Լայը հայտարարում է, որ չի ցանկանում դիմակայել Չինաստանին։
Լայի գլխավոր մրցակիցը Հոու Յուն է, ով Թայվանի մեծությամբ երկրորդ կուսակցության թեկնածուն է և Թայբեյի նախկին քաղաքապետը։ Նա պնդում է, որ Դեմոկրատական առաջադիմական կուսակցության թեկնածու Լայ Տյաունին սպառնում է Չինաստանի հետ հարաբերություններին։
Նախագահական ընտրություններին մասնակցում է նաեւ Թայվանի ժողովրդական կուսակցության թեկնածու Կե Վենժին, ով մեծ ժողովրդականություն է վայելում երիտասարդ ընտրողների շրջանում։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա «Դեմոկրատական առաջադիմական կուսակցությանը» անվանել է «Պատերազմի կուսակցություն»։
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Թայվանի քաղաքացիների մեծամասնությունը կողմ է կղզու ստատուս քվոյի պահպանմանը։ Սա նշանակում է, որ Թայվանը ոչ անկախություն պետք է հռչակի, ոչ էլ միանա Չինաստանին։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա թայվանցիները կընտրեն 113 պատգամավոր։ Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում է 16 կուսակցություն։
Այսօրվա ընտրություններում որոշիչ է Չինաստանի գործոնը: Պեկինը Թայվանը համարում է իր սեփական տարածք։ Չինաստանն ասում է, որ եթե Թայվանը սկսի խոսել պաշտոնական անկախության մասին, ապա Պեկինը միջոցներ կձեռնարկի։