Թարմացված կայքի և հավելվածի միջոցով արդեն հնարավոր է ծրագրել ճանապարհորդություն հասարակական տրանսպորտով։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
«Թբիլիսի տրանսպորտային ընկերության կայքը ներկայացված է բարելավված ծառայություններով, նոր ֆունկցիոնալությամբ ու դիզայնով։ Ուղևորների սպասարկումը բարելավելու նպատակով նոր ծառայությունների և արդեն իսկ գոյություն ունեցող ծառայությունների զարգացման նախագծի շրջանակներում ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է նաև Android և IOS հարթակներում աշխատող սմարթֆոնների բջջային հավելված։
Այս հավելվածը օգտատիրոջը հնարավորություն է տալիս բջջային հեռախոսից օգտվել բոլոր ծառայություններից, որոնք ընկերությունը առաջարկում է հասարակական տրանսպորտի ուղեւորներին։ Մասնավորապես, քաղաքացիները կկարողանան իրական ժամանակում ծրագրել ուղևորություններ և ստուգել հասարակական տրանսպորտի տեղաշարժերը։ Հավելվածի նոր տարբերակը քաղաքացիներին առաջարկում է նաև երթուղիների տարբեր այլընտրանքներ, որոնք կազմվում են՝ հաշվի առնելով ավտոբուսների իրական գտնվելու վայրը։
Հաշվի առնելով նորացված դիզայնը և ֆունկցիոնալությունը՝ հնարավոր է պլանավորել տեղաշարժը քաղաքով մեկ՝ ըստ ճանապարհորդության մեկնարկային և ավարտական կետերի։ Կայքը նաև մանրամասն տեղեկատվություն է տրամադրում երթուղիների և կանգառների մասին:
Դուք կկարողանաք մանրամասն տեղեկատվություն ստանալ և ներբեռնել հավելվածը Թբիլիսիի տրանսպորտային ընկերության կայքում»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։