Թամարաշվիլի պողոտայի և Ամիրեջիբի մայրուղու խաչմերուկում կկազմակերպվի տրանսպորտային հանգույց
Միխեիլ Թամարաշվիլիի պողոտայի և Ճաբուա Ամիրեջիբի մայրուղու խաչմերուկում թեքահարթակներ կկազմակերպվեն, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մունիցիպալ կառավարության այսօրվա նիստում։
Նրա պարզաբանմամբ՝ նշված խաչմերուկի կառուցումից հետո հնարավոր կլինի Ճաբուա Ամիրեջիբի մայրուղուց ուղիղ դուրս գալ Միխեիլ Թամարաշվիլիի պողոտա։
«Մի քանի օր առաջ բացեցինք տրանսպորտային կամուրջը, որը կապում է Բագեբի բնակավայրը և համալսարանի փողոցը։ Ուրախ եմ, որ մայրաքաղաքում նման մասշտաբի ծրագրեր են իրականացվում։ Բացի այդ, կարևոր է ենթակառուցվածքների կազմակերպումը, որպեսզի շարժն էլ ավելի դյուրին լինի։ Այդ նպատակով մենք սկսում ենք մեկ այլ նախագիծ։ Մասնավորապես, թեքահարթակներ կկազմակերպվեն Միխեիլ Թամարաշվիլիի պողոտայի և Ճաբուա Ամիրեջիբի մայրուղու խաչմերուկում»,- ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, խաչմերուկը խոչընդոտում էր մասնավոր մեքենաների և հասարակական տրանսպորտի տեղաշարժը, և դրա կազմակերպման աշխատանքները կսկսվեն առաջիկա մի քանի օրերին։
«Ծրագրի շրջանակներում կկառուցվեն հենապատեր, կտեղադրվի արտաքին լուսավորության ցանց, կկազմակերպվի մայթ, կկատարվեն հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ։ Նոր երթևեկության հանգույցը կկարգավորվի լուսացույցներով, ինչն ավելի անվտանգ ու հարմարավետ կդարձնի ինչպես հետիոտների, այնպես էլ մեքենաների տեղաշարժը»,- ասել է Կախա Կալաձեն։