Թամար Գաբունիա. Նոր շտամի մասին միայն հիպոթետիկ վարկածներ կան, մենք ճշգրիտ տեղեկություն չունենք
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ կորոնավիրուսի նոր շտամը քննարկվում է միայն վարկածի մակարդակով։
Նրա խոսքով, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխատում է այդ հարցով։ Ինչպես ասում է Թամար Գաբունիան, այս փուլում ուշադրությունը դեռևս «Օմիկրոնի» վրա է։
«Այս փուլում ողջ ուշադրությունը դեռ մնում է «Օմիկրոն» շտամի շրջանառության վրա։ Գոյություն ունեն նոր շտամի միայն հիպոթետիկ վարկածներ, որոնց վրա աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Բնականաբար, այս պահին կոնկրետ տեղեկություն չունենք, թե ինչի հետ կարող ենք գործ ունենալ կամ ընդհանրապես, հնարավոր է, նոր շտամի հետ գործ ունենք: Այսպիսով, մենք պետք է սպասենք: Այս փուլում դեռ վաղ է խոսել, տեղեկությունը կճշտվի։ Այսօր ուշադրության կենտրոնում դեռևս Օմիկրոնն է»,- ասաց Թամար Գաբունիան։
Առողջապահության փոխնախարարը գնահատել է երկրում տիրող համաճարակային իրավիճակը և նշել, որ համաճարակի զարգացումը պայմանավորող բոլոր նախանշանները բարելավվում են բավականին արագ տեմպերով։
«Օմիկրոնը» մեզ մոտ շրջանառության մեջ է եւ ընթացքը լիակատար վերահսկողության տակ է։ Մենք ունենք բավականին արագ բարելավման պատկեր։ Վերջին շրջանում Վրաստանում համաճարակի բարելավման ակնհայտ նշաններ են նկատվում։ Նոր դեպքերի թիվն այսօր կազմել է 888, դրականության ցուցանիշը նույնպես սրընթաց նվազում է՝ հինգ տոկոսով։ Հուսանք՝ ավելի շատ կնվազի։ Այլևս լայն տարածում սպասել պետք չէ: Մենք կարծում ենք, որ դա կլինի ավելի տեղական բնույթի, ոչ թե համաճարակ», – ասաց Գաբունիան:
Միաժամանակ, ըստ Թամար Գաբունիայի, չնայած համաճարակաբանական իրավիճակի կայունացմանը, շնչադիմակ կրելը կրկին կարևոր է։
«Առայժմ շնչադիմակ կրելը կրկին կարևոր է, քանի որ վարակից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը շնչադիմակն է»,- ասաց Գաբունիան։