Թամար Գաբունիա - Այսօրվա դրությամբ 360 կորոնավարակակիր միացված է արհեստական շնչառության սարքին և երկրի մասշտաբով ազատ է 421 մահճակալ
Այսօրվա դրությամբ հիվանդանոցում կա 5 577 կորոնադրական դեպք, որից 1 034 պացիենտ ինտենսիվ թերապիայի կարիք ունի և 360 հիվանդ միացված է արհեստական շնչառության սարքին, սրանք այն ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներն են, ովքեր հատուկ վերահսկողության կարիք ունեն,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:
Ինչպես նշել է Թամար Գաբունիան, այս պահին մոբիլիզացված են կովիդ-հյուրանոցները, որտեղ բուժում է ստանում մինչև 3500 հիվանդ:
«Առողջության առաջնային պահպանությունը, ընտանեկան բժիշկները ղեկավարում են տանը կորոնադրական դեպքերը, իսկ ախտանիշների դեպքում պատրաստ են պատասխանել հիվանդների հարցերին: Ինչպես արդեն հայտարարվել է, արդեն երկու շաբաթ է, ինչ մենք անցել ենք ամբողջովին ապակենտրոնացված մոդելի: Բոլոր հիվանդները, ովքեր որևէ ախտանիշ ունեն, պետք է դիմեն իրենց ընտանիքի բժշկին և հետազոտություն անցնեն՝ ելնելով նրա հանձնարարականից, և դրական պատասխան ստանալու դեպքում համապատասխան օգնություն ստանան: Հոսքերը շատ ակտիվ են և ինտենսիվ, այսօր մեծ բեռ է առողջության ոլորտի համար, չնայած կան որոշ ռեսուրսներ: Այս առավոտ երկրի ողջ տարածքում ազատ մահճակալների թիվը 421 էր: Վերաբաշխումն ու ավելի մեծ բեռը գալիս է Թբիլիսիի, Բաթումի և Քութաիսիի վրա: Մեծ քաղաքներն ավելի մեծ բեռ ունեն՝ համեմատած այլ բնակավայրերի հետ: Հիմնական ուշադրությունը մահճակալը պահելն է ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի համար, եթե հիվանդը հոսպիտալացման կարիք չունի, պետք է կառավարվի կովիդ-հյուրանոցում: Այնտեղ բավականին լավ պատրաստված բժշկական անձնակազմ է աշխատում: Կապը շարունակվում է կլինիկաների և հյուրանոցների միջև՝ ակտիվ համագործակցության համար, որպեսզի հիվանդները տեղափոխվեն, և հեշտությամբ իրականացվի բժշկական միջամտություն», – ասաց Թամար Գաբունիան: