Թամար Բարկալաիա. Երեխաների բարեկեցությունը պետության առաջնահերթություններից է, այս ուղղությամբ զգալի փոփոխություններ են կատարվել
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Բարկալաիան գնահատել է երեխաների բարեկեցության ուսումնասիրությունը, որն անցկացրել է Ազգային վիճակագրական ծառայությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։
Նրա պարզաբանմամբ՝ երեխաների բարեկեցությունը պետության առաջնահերթություններից է, իսկ վերջին տարիներին իրականացված փոփոխություններն ուղղված են երեխաների բարեկեցության բարձրացմանը, ընտանիքների ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։
Թամար Բարկալաիայի խոսքով՝ մարտահրավերները մնում են, որոնց հաղթահարման ուղղությամբ իշխանությունն ակտիվ աշխատում է։
«2022 թվականին սոցիալապես անապահով երեխաների դրամական օգնությունն աճել է 50 լարիով և կազմել 150 լարի։ 2023 թվականի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաները կստանան 200 լարի ամսական աջակցության տեսքով։ Ծրագրի բյուջեն 500 մլն լարի է։ Ավելի քան 230 000 երեխա կստանա ավելացած օգնություն։ Աճել են նաև հաշմանդամություն ունեցող և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական նպաստները։ 2023 թվականից ծանր հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական փաթեթն ավելացել է 65 լարիով և սահմանվել 340 լարի»,- ասաց Թամար Բարկալաիան։