Թբիլիսիի գլխավոր տոնածառը և ամանորյա նոր լուսավորումները վառվելու են դեկտեմբերի 15-ին,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, այս տարի Թբիլիսիում կանցկացվի ոչ միայն ձևաչափով տարբերվող, այլև ժողովրդական Նոր տարի:
«Այս տարի առաջին անգամ ամանորյա միջոցառումները կանցկացվեն նաև Թբիլիսիի ծայրամասերում: Մեր թիմի որոշմամբ, ամանորյա համերգները կանցկացվեն մայրաքաղաքի երեք շրջանում՝ Գլդանիում, Սամգորիում և Հին Թիֆլիսում»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Կախա Կալաձեի հայտարարությամբ, այս տարի առավելագույնս կփորձեն չփակել Թբիլիսիի գլխավոր փողոցները, որպեսզի բնակչությունը ունենա ազատ տեղաշարժի հնարավորություն: