Տելեգրաֆ. Զելենսկին զգուշացվել է ՆԱՏՕ-ից չպահանջել «անհնարինը»
Տելեգրաֆի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զգուշացվել է ՆԱՏՕ-ից չպահանջել «անհնարինը»։ Ինչպես գրում է հրատարակությունը, ՆԱՏՕ-ի այս տարվա գագաթնաժողովում Ուկրաինան առաջընթաց չի գրանցի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ճանապարհին՝ Ռուսաստանի հետ պատերազմին ՆԱՏՕ-ի հնարավոր ներգրավման սպառնալիքի պատճառով։
Տելեգրաֆի փոխանցմամբ՝ Գերմանիան և ԱՄՆ-ն արդեն իրենց դեմ են արտահայտվել 75-րդ գագաթնաժողովում Կիևի համար հստակ ժամկետներ սահմանելու առաջարկին։ Ինչպես նշում է հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրին, «Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է այնքան անհանգստացած չլինել, որքան Գերմանիան, սակայն որոշակի անհանգստություն կա դաշինքի մյուս անդամներին ուղղված ռուսական սպառնալիքների կապակցությամբ»։
Հրատարակությունը կարծում է, որ դա կարող է հիասթափություն լինել Վոլոդիմիր Զելենսկու համար, ում արևմտյան գործընկերները զգուշացրել են դաշինքից չպահանջել «անհնարինը»։
Նշենք, որ նախորդ տարվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահը «անհեթեթ» էր անվանել իրավիճակը, երբ դաշինքի առաջնորդները հրաժարվել են Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։
Ինչպես նշում է Տելեգրաֆը, այս տարվա գագաթնաժողովում, որը կանցկացվի Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը, Ուկրաինային կառաջարկվի կոնկրետ «ուղի» կամ «կամուրջ» դեպի անդամակցություն՝ առանց կոնկրետ ժամկետ նշելու՝ որպես յուրատեսակ աջակցություն՝գործընթացի համար։