Տեղի իշխանությունների ներկայացուցիչները հարգել են օգոստոսյան պատերազմի հերոս Գիորգի Անծուխելիձեի հիշատակը
Օգոստոսյան պատերազմի հերոս Գիորգի Անծուխելիձեի հիշատակը հարգեցին տեղի իշխանությունների ներկայացուցիչները: Կախեթիի նահանգապետ Իրակլի Շիոշվիլին, Ախմետայի քաղաքապետը և տեղական ինքնակառավարման մարմինների այլ պաշտոնյաներ մեկնել են Գիորգի Անծուխելիձեի հայրենի Քվեմո Ալվանի գյուղ և ծաղկեպսակ դրել նրա անունը կրող հուշահամալիրին:
«Մենք միշտ պետք է հիշենք այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին` հանուն Վրաստանի միասնության, իրենց կյանքի գնով», – ասել է Իրակլի Շիոշվիլին:
Վրաստանի ԶՈւ կրտսեր սերժանտ Գիորգի Անծուխելիձեն գերեվարվել է թշնամու կողմից 2008 թվականի օգոստոսի 9-ին ռուս-վրացական պատերազմի բախումներից մեկից հետո: Մինչև 2008 թվականի նոյեմբեր ամիսը զինծառայողը համարվում էր անհետ կորած:
Ավելի ուշ Ցխինվալիից տեղափոխված տասը վրացիների մարմինների գենետիկական հետազոտությամբ պարզվել է, որ նրանցից մեկը Գիորգի Անծուխելիձեն է: Նրան տանջամահ էին արել: Մահից հետո Գիորգի Անծուխելիձեին շնորհվեց Վրաստանի ազգային հերոսի կոչում: