Ճապոնիայում առատ ձյան պատճառով զոհվել է 7 մարդ
Ճապոնիայում առատ ձյան պատճառով զոհվել է 7 մարդ

Ճապոնիայի տարբեր շրջաններում վերջին մեկ շաբաթվա ընթացքում առնվազն յոթ մարդ է մահացել ձյան առատ տեղումներով պայմանավորված միջադեպերի պատճառով: Վնասվածքներ է ստացել շուրջ 70 մարդ:

Առավել մեծ թով զոհեր են գրանցվել Ճապոնական ծովի առափնյա Ֆուկուի պրեֆեկտուրայում, որտեղ ձնակույտերի բարձրությունն առավել առատ տեղումների օրերին հասնում էր երկու մետրի: Զոհվածներ կան նաեւ Նիիգատայի պրեֆեկտուրայում եւ Յոկոգամա քաղաքում, որը հարավից հարում է Տոկիոյին: Մարդկանցից ոմանք մահացու վերքեր են ստացել՝ ընկնելով իրենց տների տանիքներից, որոնք փորձում Էին մաքրել, կան ձնակույտերում հայտնված ավտոմեքենաներում շմոլ գազից թունավորվածներ:

Ճապոնիայում սաստիկ տեղումները չեն դադարում արդեն երկրորդ շաբաթը: Այդ ընթացքում Ճապոնական ծովի ափին ամսական նորմայից ավելի ձյուն է տեղացել: Դրա հետեւանքով առանձին օրերի չեղարկվել են տասնյակ ավիաչվերթներ, երկրի կենտրոնական մասում գնացքների երթեւեկությունը կանգնեցվել է մի շարք ուղղություններով, դադարեցվել են պարապմունքները դպրոցներում: