Ճանապարհային անվտանգության ռազմավարության համաձայն՝ նախադպրոցական տարիքի երեխաների համար ավտոմեքենայում մանկական նստատեղերի օգտագործումը պարտադիր կդառնա
Ճանապարհային անվտանգության 2026-2030 թվականների ազգային ռազմավարությունում նշված է, որ նախատեսվում է օրենսդրական փոփոխության իրականացում մանկական նստատեղերի օգտագործման ուղղությամբ։ Մասնավորապես, սկզբնական փուլում պարտադիր կդառնա նախադպրոցական տարիքի երեխաների համար մանկական նստատեղերի օգտագործումը։
Բացի այդ, իրազեկվածության բարձրացման տեսանկյունից կստեղծվի միասնական առցանց հարթակ, որը կապահովի ինչպես ծնողներին, այնպես էլ երեխաներին հարմարեցված և արդյունավետ ուսուցման հնարավորություն։
«Ճանապարհային երթևեկության մասնակիցների առավել խոցելի խմբերին են պատկանում հետիոտները, երեխաները, երկանիվ տրանսպորտային միջոց (մոտոցիկլետ, մոպեդ, էլեկտրական սկուտեր, այլ) վարող անձինք և հաշմանդամություն ունեցող անձինք (PIARC, n. d.; European Commission, n. d.-b)։ Մեծապես կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հենց նշված խոցելի խմբի ներկայացուցիչների անվտանգությանը։
Իրազեկվածության բարձրացման ուղղությամբ կիրականացվեն համապատասխան կրթական նախաձեռնություններ, այդ թվում՝ ճանապարհային անվտանգության կրթական ռեսուրսների միասնական առցանց հարթակի ստեղծում, որը կապահովի ինչպես ծնողներին, այնպես էլ երեխաներին հարմարեցված և արդյունավետ ուսուցման հնարավորություն։ Նույն համատեքստում կիրականացվի ճանապարհային անվտանգության թեմատիկայի ինտեգրում նախադպրոցական կրթության ծրագրերում, ինչը կնպաստի վաղ տարիքից անվտանգ վարքագծի հմտությունների ձևավորմանը։
Բացի այդ, նախատեսվում է օրենսդրական փոփոխության իրականացում մանկական նստատեղերի օգտագործման ուղղությամբ, որի համաձայն՝ սկզբնական փուլում պարտադիր կդառնա նախադպրոցական տարիքի երեխաների համար մանկական նստատեղերի օգտագործումը։
Բացի սրանից, կարևոր է, որ առկա ճանապարհային ենթակառուցվածքը և ապագայում իրականացվելիք ենթակառուցվածքային աշխատանքները կողմնորոշված և հարմարեցված լինեն խոցելի խմբերի առավել պաշտպանվածությանը։ Հավելյալ կերպով կիրականացվեն սոցիալական արշավներ՝ հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման կարևորության վերաբերյալ։
Նույնպես, էլեկտրական սկուտեր օգտագործողների շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարների և ճակատագրական ելքերի գլոբալ աճի դինամիկայի հաշվառմամբ, կիրականացվի գործող օրենսդրական շրջանակի խորքային վերլուծություն և կմշակվեն համապատասխան հանձնարարականներ դրանց անվտանգ շահագործումն ապահովելու համար», – նշված է Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունում։