Ճանապարհային անվտանգության նոր ռազմավարությունը նախատեսում է օրենսդրական բազայի նախապատրաստում ավտոմեքենայի հետևի նստատեղին ամրագոտիների կիրառման համար

20:03, 11.08.2026

Ճանապարհային անվտանգության նոր ռազմավարության մեջ խոսվում է ավտոմեքենայի հետևի նստատեղին ամրագոտիների կիրառման կարևորության մասին:

Ռազմավարության համաձայն՝ նախատեսվում է օրենսդրական բազայի նախապատրաստում ավտոմեքենայի հետևի նստատեղին ամրագոտիների կիրառման համար:

«Ժամանակակից ճանապարհային անվտանգության համատեքստում անվտանգության ամրագոտիների կիրառումը համարվում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության և ծանր վնասվածքների կանխարգելման հիմնական գործիքներից մեկը:

Ընդ որում, հետազոտությունների համաձայն, հետևի նստատեղին գտնվող ուղևորների կողմից անվտանգության ամրագոտու կիրառումը կարևոր դեր է խաղում ինչպես հենց նշված ուղևորների, այնպես էլ առջևի նստատեղին գտնվող անձանց կյանքի և առողջության պաշտպանության գործում (Bose et al., 2013): Հետևաբար, առանձնահատուկ նշանակություն է ստանում ավտոմեքենայի հետևի նստատեղին անվտանգության ամրագոտիների կիրառման պարտադիր կանոնի արմատավորումն ու դրա համապատասխան կարգավորումը: Այստեղ ևս, հասարակության մեջ անվտանգության ամրագոտիների կիրառման բարձր մակարդակի մշակույթի և կիրառման կայուն ցուցանիշի հասնելու համար անհրաժեշտ է պետության կողմից համալիր քայլերի ձեռնարկում:

Ուստի, նախատեսվում է վերոնշյալ հարցի վերաբերյալ պատշաճ նորմատիվային բազայի ձևավորում և արդյունավետ կիրարկման մեխանիզմի ապահովում, իսկ մյուս կողմից՝ նպատակային սոցիալական արշավների և կրթական նախաձեռնությունների գործնական իրականացում, ինչը կպայմանավորի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը», — նշված է Ճանապարհային անվտանգության 2026-2030 թվականների ազգային ռազմավարության մեջ:

Նմանատիպ