«Ծղալտուբոյի նոր կյանքը» նախագծի շրջանակներում հայտարարված աճուրդում վաճառվել են «Մեդեա» և «Թբիլիսի» առողջարանները։
«Ծղալտուբոյի նոր կյանք» նախագծի շրջանակներում հայտարարված աճուրդի արդյունքում վաճառվել է 2 օբյեկտ՝ «Թբիլիսի» և «Մեդեա» առողջարանները,- այս մասին տեղեկատվություն է տարածում էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Իրենց տեղեկություններով՝ էլեկտրոնային աճուրդն ավարտվել է այսօր ժամը 17:00-ին։ Վաճառված օբյեկտների ընդհանուր արժեքը կազմել է 8 982 300 լարի։ «Թբիլիսի» առողջարանը ձեռք է բերել «Ակա» ՍՊԸ-ն, իսկ «Մեդեա» առողջարանը՝ «Ասի Գրուպ Հոթելս Ջորջիա» ՍՊԸ-ն։
«Ինչ վերաբերում է մնացած առողջարաններին, ապա դրանց աճուրդի ժամկետը երկարացվել է: Այս որոշումը կայացվել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ հանդիպմանը բիզնես ոլորտի բարձր հետաքրքրության և խնդրանքի արդյունքում։
Բացի այդ, հարկ է նշել, որ պետական գույքի մասնավորեցման գործընթացը հնարավորինս թափանցիկ ու մատչելի է։ Բոլոր շահագրգիռ անձանց տրվում է հավասար հնարավորություն առանց բյուրոկրատական ընթացակարգերի մասնակցելու ընթացիկ էլեկտրոնային աճուրդին և կարճ ժամանակում դառնալու պետական ակտիվի սեփականատեր։
Աճուրդների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս հղումը՝ https://bit.ly/3Rrzyym
Հիշեցնենք, որ «Ծղալտուբոյի նոր կյանք» նախագծի շրջանակներում պետությունը վաճառքի է հանել 14 օբյեկտ՝ հինգ պրեմիում դասի, հինգ միջին դասի հյուրանոց և չորս տարբեր տեսակի կացարաններ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 50 մլն լարի։
Նախագծի համաձայն՝ պետությունը պարտավորվում է տասնյակ միլիոնավոր լարի ներդնել՝ Ծղալտուբոն միջազգային մակարդակի սպա հանգստավայր դարձնելու համար։
Ծղալտուբոյի վերականգնման և զարգացման լայնածավալ ծրագրի իրականացումը կստեղծի ավելի քան 3200 նոր աշխատատեղ, մահճակալային ֆոնդ՝ ավելի քան 6000 տեղով, կներգրավի 500 մլն լարիի ներդրում և զգալիորեն կավելացնի այցելուների թիվը»,- ասված է հաղորդագրությունում։