Տարեվերջին Ռիկոթիի լեռնանցքի որոշ հատվածներով երթևեկությունը կբացվի
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ներկայումս շինարարական աշխատանքներ են իրականացվում Ռիկոթիի լեռնանցքի բոլոր 51 թունելներում, որոնք բաժանված են չորս հատվածի: Դրանցից արդեն 34 թունել է հատվել, որից երեքը շահագործման են հանձնվել։
Նրանց տվյալներով՝ միաժամանակ աշխատանքներ են տարվում 90 կամուրջների վրա, որոնցից 40-ն արդեն կառուցված է, իսկ ավարտված 6 կամուրջն արդեն շահագործվում է ավտոմոբիլային տրանսպորտով։
«Ռիկոթիի լեռնանցքում կառուցվում է չորս գոտիով արագընթաց մայրուղի՝ 51,6 կմ ընդհանուր երկարությամբ, որը ներառում է 97 կամուրջ և 51 թունել։ Խևի-Ուբիսա մայրուղու առաջին՝ 2 կմ երկգծով հատվածը երթեւեկության համար բացվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Նորաբաց ճանապարհահատվածը ներառում է 6 կամուրջ և 3 թունել։
Ռիկոթիի լեռնանցքի հատվածի կառուցումը դարի նախագիծն է, որն ավարտվում է ամենաբարդ աշխարհագրական ճանապարհով՝ ամենադժվար ինժեներական շինություններով։
Ավելի քան 4000 մարդ ներկայումս աշխատում է Ռիկոթիի ճանապարհի շինարարության վրա, և աշխատողների մոտավորապես 68%-ը Վրաստանի քաղաքացիներ են։
Ճանապարհաշինական ծրագրի շրջանակներում կստեղծվի տարածք, որտեղ մոտակա գյուղերի բնակչությունը պատշաճ ենթակառուցվածքների պայմաններում կկարողանա վաճառել իր արտադրանքը։ Մասնավորապես, առևտրի տարածքներ կկազմակերպվեն հետևյալ վայրերում՝ Սուրամի, Շրոշա և Զեստափոնի:
Ռիկոթիի լեռնանցքի շինարարական աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մինչև 2,6 մլրդ լարի, աստիճանաբար կավարտվեն մինչև 2023 թվականի վերջ»,- նշված է Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչության տեղեկատվության մեջ։