Սվեն Գիգոլդ. Մենք ապացույցներ չունենք, որ Վրաստանը խախտում է պատժամիջոցները
Սվեն Գիգոլդ. Մենք ապացույցներ չունենք, որ Վրաստանը խախտում է պատժամիջոցները

Թվերը վկայում են Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրի աճի մասին, թեև մենք պատժամիջոցների խախտման ապացույցներ չունենք,- վրացական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասել է Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության դաշնային նախարարության պետքարտուղար Սվեն Գիգոլդը։

Հանդիպման ընթացքում Սվեն Գիգոլդին հարցրել են Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման մասին։ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Վրաստանի եւ եվրոպական քաղաքների միջեւ թռիչքների սակավության կապակցությամբ։

«Ես չեմ մեկնաբանի Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների հարցը։ Նախընտրում եմ խոսել դեպի այլ եվրոպական երկրներ ուղիղ չվերթների սակավության մասին։ Սա մեր գործն է։ Ես կմտահոգվեի միայն այն դեպքում, եթե պատժամիջոցները խախտվեին, և մենք դրա համար ոչ մի լուրջ ապացույց չունենք։ Մենք թվեր ունենք, որոնք ցույց են տալիս Ռուսաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության աճը»,- ասել է Սվեն Գիգոլդը։

Խոսելով Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի մասին՝ Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության դաշնային նախարարության պետքարտուղարն ընդգծել է թեկնածուի կարգավիճակ ստանալու 12 հանձնարարականների կատարման կարևորությունը և այդ առումով դատարանի անկախության ապահովման անհրաժեշտությունը։

«Թեկնածուի կարգավիճակի ձեռքբերումը նշանակում է մեծ առաջընթաց գրանցել ընդհանուր արժեքների, օրենքի գերակայության հարցում, ինչպես նշված է 12 հանձնարարականներում: Գերմանիան ցանկանում է դրական եզրակացություն դեկտեմբերին: Հուսով եմ, որ առաջիկա ամիսներին մենք կունենանք դրական նորություններ, որոնք թույլ կտան Եվրոպական միության խորհրդին դրական որոշում կայացնել»,- ասել է Սվեն Գիգոլդը։

Սվեն Գիգոլդը Վրաստան էր այցելել հունիսի 19-22-ը։ Այցի հիմնական թեմաներն էին Գերմանիայի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումը և Վրաստանի եվրոպական ապագան։