Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։
Սուրբ Սարգսի տոնը նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով։Այսպես, Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։
Թբիլիսիում ուխտավորների թափորը սկիզբ առավ Հավլաբարի Սբ․ Էջմիածին եկեղցու բակից, այնուհետև այն շարժվեց դեպի Սուրբ Սարգիս մատուռ։ Մոմավառությունից և աղոթքից հետո ուխտավորները առաջնորդվեցին դեպի Մեյդանի Սբ․ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի։
Ժամը 18։00-ին, Սբ․ Գևորգ եկեղեցում կայացավ Սուրբ Սարգսի նախատոնակ, երիտասարդների օրհնության կարգ և աղի բլիթների բաժանում։
Հաջորդ օրը, հունվարի 27-ին, ժամը 11։00-ին սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակին սուրբ և անմահ պատարագ։